Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի ներկայացուցիչը մասնակցել է քիմիկոթունաբանական և դատաքիմիական փորձաքննությունների բնագավառներին վերաբերող միջազգային գիտաժողովին
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը դեկտեմբերի 4–5-ը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Փորձագիտական հետազոտությունների ժամանակակից գործիքային մեթոդները նարկոլոգիայի, թունաբանության և դատական քիմիայի բնագավառում» խորագրով միջազգային գիտաժողովին։
Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի կազմակերպած գիտաժողովը համախմբել էր քիմիկոթունաբանական, դատաքիմիական և դատակենսաքիմիական փորձաքննությունների բնագավառների առաջատար մասնագետների՝ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից և Եվրոպայից։
Գիտաժողովի շրջանակներում ներկայացվել են չորս տասնյակից ավելի արժեքավոր գիտական զեկույցներ այնպիսի արդիական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ «Հոգեակտիվ նյութերի հայտնաբերում և մոնիթորինգ», «Ոգելից խմիչքների փորձաքննություն», «Նոր հոգեակտիվ նյութեր», «Մասսպեկտրոմետրիայի մեթոդներ», «Մազերի հետազոտության ժամանակակից մոտեցումներ», «Դատաքիմիական հետազոտությունների որակի հսկողություն», «Փորձագիտական գործունեության իրավական և կազմակերպչական ասպեկտներ» և այլն։
Միջոցառմանը ողջույնի խոսքով և զեկույցով է հանդես եկել Բյուրոյի տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը՝ ներկայացնելով կոնյակների և խաղողի օղիների իսկության ցուցիչներով (մարկերներով) նույնականացմանն առնչվող հարցեր և ընդգծելով մասսպեկտրոմետրիայի մեթոդներով փորձաքննությունների իրականացման կարևորությունը։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացման ու ոլորտի կայուն զարգացման ապահովման։
18 December 2025






.jpg)